ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Իշխանական «փորձագետների» ծաղրն ու պատերազմների դաժան ժամանակագրությունը

Իշխանական «փորձագետների» ծաղրն ու պատերազմների դաժան ժամանակագրությունը
04.10.2026 | 10:34

2015 թվականին, երբ ասում էինք, որ պատերազմ է լինելու, ոչ միայն ծիծաղում էին, այլև Ադրբեջանի դիվերսիաներն ու կոշտացող հռետորաբանությունը վերագրում էին ներքին լսարանին իբր սնելու նպատակին: Իսկ 2016 թվականի ապրիլին Ադրբեջանը հարձակվեց։
Ի դեպ՝ 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը ԱԱԾ քննիչները ծաղրում էին հավանական պատերազմի մասին լսելիս։ Նրանցից ոմանք նույնիսկ համոզում էին, թե պատերազմ հնարավոր չէ, որովհետև «Ռուսաստանը թույլ չի տալու»։
Հետո՝ 2018-2020 թվականներին, երբ արդեն հրապարակայնորեն էինք խոսում հավանական պատերազմի մասին, էլի ծաղրում էին։ Ծաղրողների ավանգարդում հենց փաշինյանականներն էին ու իրենց կցված քարոզիչ-փորձագետները։ Հատկապես 2020 թվականի օգոստոսի թուրք-ադրբեջանական զորավարժությունների ընթացքում, երբ ասում էինք, որ սա նման է պատերազմի նախապատրաստության, էլի ծաղրում էին, ոմանք էլ մեղադրում էին նախկիններին աջակցելու և պատերազմի մասին վախեր սերմանելու մեջ։ Իսկ սեպտեմբերի 27-ին սկսվեց աղետաբեր պատերազմը։
Հետո՝ Քարվաճառի հանձնումից առաջ, ասում էինք, որ դրանից հետո ամրագրվելու է Հայաստանի կապիտուլյացիան, և թշնամին այլևս անընդհատ հարմար պահ է փնտրելու նոր տարածքներ գրավելու համար։ Հանձնեցինք Քարվաճառը, ու սկսվեց Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում թշնամու կողմից զինված գործողությունների շղթան։ Իսկ իշխանական քարոզիչ-փորձագետները պնդում էին, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը մեզ ձեռնտու և միակ տարբերակն էր, ու որ այլևս պատերազմ չի լինի, որովհետև Արցախի հարցն այլևս Ռուսաստանի գլխացավանքն է։
Հետո զգուշացնում էինք, որ Ադրբեջանը, ռազմավարական դիրքեր գրավելով, ապագայում ամբողջապես օկուպացնելու է Արցախը, և Արցախում ոչ մի հայ չի մնալու։ Իսկ իշխանական քարոզիչ-փորձագետները համոզում էին, թե Եվրոպան խոստացել է, Շառլ Միշելը երդվել է, Մակրոնը զորքերը մարտական վիճակի է բերել, թե բա՝ խաղաղապահներ... Իսկ 2022 թվականին Ադրբեջանը սկսեց Բերձորի միջանցքի փակմամբ Արցախի շրջափակումը (բլոկադան), հետո՝ 2023 թվականի սեպտեմբերին, արդեն ամբողջական օկուպացիան։
Ու այսպես մինչև այսօր... մենք խոսում ենք վտանգների մասին, իսկ նրանք՝ իշխանական քարոզիչ-փորձագետները, համոզում են, թե ամեն ինչ լավ է ու ավելի լավ է լինելու։ Ու ամեն բացասական իրադարձությունից հետո ավելի եռանդով են համոզում, որ ամեն ինչ լավ է լինելու։
Ու այսօր էլ կան նմանները, որոնք համոզում են, թե Ադրբեջանի վարքագծի փոփոխությունը ներքին լսարանի համար է։

Արա Լ․ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.
Իսկ Քարվաճառն իսկապես մեր միջնաբերդն էր։
Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ